Ալեքսանդր Երիցյան
From Wikipedia
Ալեքսանդր Երիցյան - XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։
Արխիվային վավերագրերի ու փաստսկան նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ բուրժուական պատմագրության ականավոր ներկայացուցիչ` Ալեքսանդր Երիցյանը (1841-1902)։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի Էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում Էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք Էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։
[խմբագրել] Կենսագրություն
Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել Է Թիֆլիսում 1841 թվականի հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին : Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում Է այն, 1854 թվականին Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից` բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով` նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միարժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում` մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած` Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազոտելով Ղազախի գավառը» : 1888 թ. ստիպված թողնում է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա առանց այդ էլ թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։ Ստ. Մալխասյանցը 1902թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թվականները, երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ» , և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը եւ մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը» : Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր: Ստ. Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը։
[խմբագրել] Վախճան
Նա վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին առավոտյան ժամը 7-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, ինչպես տեղեկացնում է «Մշակ»-ի 1902թ. փետրվարի 26-ի համարը «Մեծ բազմութիւն հաւաքվել էր Վանքի եկեղեցում եւ գաւթում` հանգուցեալի գրական եւ անձնական յարգողներից եւ բարեկամներից: Ներկա էին բոլոր պարբերական հրատարակությունների խմբագիրները կամ ներկայացուցիչները: Օտարական հուղարկաւորողների մէջ մենք նկատեցինք Սուլթան Կրիմ-Գիրէյին, գեներալ Պօտտօին, Վեյդենբաումին. վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը, որ հոգեհանգստին էլ ներկա էր շաբաթ երեկոյ` եկել էր նաեւ եկեղեցի, որին պատուով ընդունեցին եւ դասը հրաւիրեցին կանգնելու: Պատարագի ժամանակ եկաւ եւ Վեհափառ Կաթողիկոսը, որ բանախոսություն անելով Ալ. Երիցյանի հիշատակին` մատնանիշ եղավ հայ գրագետների անապահով նիւթական դրության վրա»։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև հանգունգուցյալին հարգանքի տուրքը մատուցելու եկած` վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին: Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը` Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։