Երկիր
From Wikipedia
Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է:
Contents |
Երկրի կառուցվածքը
Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։ Երկիրը պատված է բարակ կարծր կեղևով, որի վրայով մենք քայլում ենք։ Երկրի՝ մեզ տեսանելի մասերը մոլորակի մի չնչին հատվածն են միայն։ Կեղևի տակ գտնվում է հաստ, բազմաշերտ մանթիան (պատյանը), որը նույնպես կազմված է կարծր ապարներից, իսկ գնդի կենտրոնում մետաղական միջուկն է, որը մասամբ պինդ է, մասամբ՝ հեղուկ։ Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթր պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները:
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՏԵՍՔԸ ԱՐԲԱՆՅԱԿԻՑ
Երկիրը ճշգրիտ.գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավդից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
ԵՐԿՐԻ ԸՆԴԵՐՔԸ
Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին` պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500°C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։