Տիգրան Թորոսյան
From Wikipedia
Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երևանում։
[խմբագրել] Կենսագրություն
1973-1978 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում։ Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ և 1978 թվականից աշխատանքի է անցել Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ։ 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող։ 1990 թ. պաշտպանել է թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ է 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների։
1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում և ժողովածուներում։
1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձևավորել էին Հանրապետական կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։ 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։
2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ։ 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.` ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է։
1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ։
2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի դուստր։