Փիլիսոփայություն
From Wikipedia
Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում: Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից: Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»: Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» տերմինին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» տերմինը:
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում: Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին: Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն:
Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին: Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները: Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ:
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/: Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /մետաֆիզիկա/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /գնոսոլոգիա/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/: Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների:
[խմբագրել] Այցելեք Նաև
- Մատենադարանի ձեռագրերը փիլիսոփայության մասին
- Հայ միջնադարյան փիլիսոփաներ
- Անտիկ փիլիսոփաներ
- Միտք
- Մարմին
- Հոգի
- Կամք
- Իրականություն
- Ճշմարտություն
- Խիղճ
- Մետաֆիզիկա
- Էթիկա
- Էպիստեմոլոգիա
- Էսթետիկա